Իրավապահներն ու ընդդիմությունը Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել են քսենոֆոբիայի եւ պոպուլիզմի մեջ՝ Սամցխե Ջավախեթիում բնակչության հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունների համար՝ տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է որպես անկախ թեկնածու, սակայն վայելում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության պաշտոնական աջակցությունը։

Նինոծմինդա հայաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը, դիմելով հավաքվածներին, նա խոսել է Վրաստանի քաղաքացիության մասին՝ հիշեցնելով, որ այն միայն նախագահն է շնորհում։ Երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Զուրաբիշվիլին մեղադրել է այն բանում, որ այս հարցում նա նախապատվությունը թուրքերին էր տալիս։

«Մի նախագահ, ով իմ ընդդիմախոսն է, քաղաքացիություն էր շնորհում թուրքերին, իսկ ձեզ՝ ոչ»,-ասել է նա։

Մրցակիցները կտրուկ են արձագանքել այս խոսքերին եւ Զուրաբիշվիլիին մեղադրել են ազգամիջյան հակամարտություններ հրահրելու մեջ։