«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաեւ երիտասարդ եւ կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:

«Սա եւս մեկ նշանավոր ձեռքբերում է մեր գործընկեր FMO-ի հետ երկարամյա հարաբերություններում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կշարունակի նպաստել մաքուր էներգիայի արտադրության ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների եւ բնակչության կողմից Հայաստանի էներգետիկ պաշարների արդյունավետ սպառումը», - նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:

Ամերիաբանկի եւ FMO-ի հետ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռեւս 2009թ-ին, երբ FMO-ն առաջին անգամ Ամերիաբանկին տրամադրեց վարկ` Հայաստանում ՓՄՁ-ների եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորման նպատակով:

«FMO-ն հպարտ է, որ կարողացել է ամուր եւ արդյունավետ հարաբերություններ կառուցել Ամերիաբանկի հետ եւ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս վարկային գործիքը կնպաստի Ամերաբանկի հետագա աճին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը,   ինչպես նաեւ երիտասարդ եւ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը: