ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարծիքներ հնչեցին, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխելու որոշակի մեխանիզմ է ձևավորվել։ Եվ քանի որ այն իրականացվում է չլիցենզավորված տարբերակով, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խնդրի կարգավորման մի շարք տարբերակներ։

Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկեց ներկայացնել խնդրի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենքի դրույթներին։ Նա պատրաստակամություն հայտնեց օբյեկտիվ և իրատեսական առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն։