Գերմանիան կիսում է Իսրայելի տեսակետը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Իրանի դերի մասին: Այս մասին հինգշաբթի հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այն կարծիքին ենք ինչ եւ Իսրայելը. պետք է հնարավոր ամեն ինչ անել որպեսզի Իրանին թույլ չտանք ատոմային զենք ստանալ», - ասել է գերմանական կառավարության ղեկավարը:

Մերկելը նշել է, որ Իրանը պետք է Սիրիայից դուրս բերի իր ուժերին, քանի որ նրանք սպառնում են Իսրայելին:

«Մենք շատ ջանքեր ենք գործադրել, ես ՌԴ նախագահի հետ խոսել եմ այն մասին, որ իրանական ուժերը պետք է դուրս գան եւ, հնարավորության դեպքում, Սիրիայում ազդեցությունը զրոյացնել, ինչը, իհարկե, բարդ ծրագիր է», - ասել է կանցլերը:

 «Այն փաստը, որ Իրանը իր ուժերը տեղակայում է Գոլանի բարձունքների մոտ, Իսրայելի համար սպառնալիք է», - ասել է Մերկելը: Ըստ նրա, «նույն սպառնալիքը գալիս է նաեւ Լիբանանից»:

Կանցլերը հավաստիացրել է, որ Գերմանիան «օգտագործում է իր բոլոր հնարավորությունները», որպեսզի հրեական պետության համար նման վտանգ գոյություն չունենա:

Մերկելը ժամանել է Իսրայել միջկառավարական խորհրդակցություններին մասնակցելու համար:

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է  գալիս ԳՀՀԾ-ից՝ գործարքից, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Գործարքի մնացած կողմերը (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Բրիտանիա) հավանություն չեն տալիս ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ հավատարիմ են մնում համաձայնագրերին: