Հարգելի՛ պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը եւ ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, թե էյֆորիան կարող է 15 տարի շարունակ չանցնի, չի նշանակում, թե արտահերթ ընտրություններ չպետք է լինեն:

«Բոնապարտիզմը կործանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, մենք տեսել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով 90 տոկոսից ավելի ձայն ուներ: Իրենցից ավելի հզոր  գործիչների է կործանել, եւ երբ, որ դու ասում ես՝ 15 տարի այս կլինի, այն կլինի, Աստված տա՝ 15 տարի Հայաստանում լինի մի ղեկավար, որ ժողովուրդը կծափահարի, բայց մենք տեսել ենք 1991թ-ին քանի տոկոսով Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, իսկ երբ որ 1992-ի վերջին որպես ուսանող եկա Երեւան, փողոցներում մարդ չէիր կարող գտնել, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր:

Կարող է «Հայք» թերթի խմբագրությունում ասեին, մեկ էլ ՀՀՇ-ի գրասենյակում ասեին»,-ընդգծեց Շարմազանովը:

Հարցին՝ արդյոք նույն պատճառով կործանվեց ՀՀԿ-ն, Շարմազանովն ասաց՝  միգուցե:

Դիտարկմանը, որ կառավարությունը չի կարող խորհրդարանում չունենալ մեծամասնություն եւ աշխատել ԱԺ-ի հետ, Շարմազանովը դրան երկու վերապահում ներկայացրեց. «Վերապահում առաջին՝ աշխարհում բազմաթիվ օրինակներ կան. Շվեդիան, որտեղ շատ արդյունավետ աշխատում է փոքրամասնության կառավարությունը եւ երկրորդ օրինակը, որը շատ ավելի փաստարկված կասեմ՝ մայիսի 8-ին էլ պարոն Փաշինյանը խորհրդարանում չուներ  մեծամասնություն, ինչո՞ւ մայիսի 8-ին հայտարարեցիր, որ կա՛մ ժողովուրդը չի ունենա վարչապետ, կա՛մ կլինեմ միայն ես, ինչո՞ւ այդ ժամանակ  չգնացիր արտահերթ ընտրությունների, այն ժամանակ գնայիր արտահերթ ընտրությունների:

Կարելի՞ է տրամաբանական ենթադրություն անել, որ այն ժամանակ չունեիր ռեսուրսներ, քեզ պետք էր պետական ռեսուրսները վերցնել ՝ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ, նախարարություններ եւ այլն, որպեսզի քո ընտրարշավի համար էտ ռեսուրսը օգտագործես: Կարելի՞ է սա ենթադրել, այլ հիմնավորում ես չեմ տեսնում: Եթե ասում ես՝ ոչինչ պետք չէ փոխել, գնում ենք ընտրությունների դեկտեմբերին, ինչի՞ ժողովուրդը մայիսին չէր պահանջո՞ւմ, կարող է՝ ժողովուրդը մայիսին ասում էր՝ ես Շարմազանովի ցավը տանեմ, ինքը պիտի լինի: Ժողովուրդ էն ժամանակ էլ էր նույնը ասում, հիմա էլ»,-ընդգծեց նա:

Շարմազանովը զարման  հայտնեց, որ ոչ ոք չի խոսում այն մասին, որ Սահմանադրություն է խախտվել եւ վարչապետը ճնշում է գործադրել խորհրդարանի վրա. «Որտե՞ղ է գրված, որ վարչապետն իրավունք ունի իր կողմնակիցներին բերի եւ ճնշում գործադրի պատգամավորների վրա»: