Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆրանկոֆոնիայի եւ մշակույթի հարցերով պետական նախարար Զաքի Նուսեյբայի հարցազրույց NEWS.am-ին:

Ինչպե՞ս եք տեսնում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար: Մենք ուրախ ենք մասնակցել Երեւանում՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկում գագաթաժողովին: Մեր նպատակն է մասնակցել կազմակերպության զարգացմանն ուղղված գագաթաժողովին, մենք ունենք նույն մոտեցումները, նույն սկզբունքները, մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը ՖՄԿ-ում ներգրավված բոլոր երկրների հետ:

Միեւնույն ժամանակ, մեր մասնակցության նպատակը Հայաստանի կառավարության հետ համագործակցության զարգացումն է, մասնավորապես հաշվի առնելով, որ հայ ժողովրդի հետ մեզ կապում  են բազմադարյա բարեկամական կապերը: Մենք կցանկանայինք զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներդրումներ կատարել գյուղատնտեսության, զբոսաշրջության կամ այլ ոլորտներում:

Կարո՞ղ եք կոնկրետ ծրագրեր նշել

Ներկայումս մենք կարող ենք  ապրանքաշրջանառության լուրջ աճ արձանագրել: Եթե 2014-15 թվականներին այն ընդամենը 25 մլն դոլար էր, ապա 2017-18 թվականներին հասավ 250 մլն դոլարի: Զարգանում է նաեւ զբոսաշրջության ոլորտը, կարելի է ասել, որ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան են ճանապարհորդում մեծ թվով զբոսաշրջիկներ: Դա լիովին հասկանալի է, թռիչքը մոտավորապես 3 ժամ է, իսկ Հայաստանն այնքան հյուրընկալ է, որ շատերը ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել այստեղ: Կան գյուղատնտեսության եւ զբոսաշրջության  հետ կապված բազմաթիվ ծրագրեր:

Ինչի՞ արդյունքում է ապրանքաշրջանառության նման լուրջ աճ արձանագրվել

Մեծ մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Քանի որ Հայաստանը հայտնի է իր մրգերով եւ բանջարեղենով, ինչպես նաեւ անասնաբուծությամբ: Մոտ ժամանակներս նախատեսվում է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել, որի ընթացքում կհստակեցվեն համագործակցության ոլորտները:

Կա՞ն արդյոք համատեղ կապիտալով ընկերություններ

Հիմա չեմ կարող ճշգրիտ թիվ նշել, բայց կարող եմ ասել, որ ԱՄԷ-ում մեծ հայ համայնք է ապրում, որը մեծ ավանդ ունի երկրի զարգացման գործում: Ես նաեւ գիտեմ, որ նման բիզնեսով ընկերություններ կան:

Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ եւ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով, փորձում է կամուրջ լինել այդ երկու կառույցենրի միջեւ: Արդյոք ԱՄԷ-ն հետաքրքրվա՞ծ է այդ ուղղությամբ

Հայաստանի հետ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական կապերով: Մեզ միավորում են բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները, եւ մենք տեսնում ենք այս եւ այլ ոլորտներում կապերի զարգացումը: Մենք այստեղ ենք ժամանել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում եւ համագործակցության ոլորտներից մեկը ՖՄԿ շրջանակներում  ընդհանուր արժեքների զարգացումն է: