Անցյալ շաբաթ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսանատանը ընդդիմախոս լրագրող Ջամալ Խաշոգիի անհետացումն ու հավանական սպանությունը վերջին մարտահրավերն է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններին, որոնք երկու կառավարությունների կողմից այդքան ջանասիրաբար են կառուցվել: Այս մասին գրում է The Washington Post-ի ազգային անվտանգության հարցերով թղթակից եւ խմբագիր Քերեն Դեյանգը:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմը հանրային կերպով մտահոգություն է հայտնել Խաշոգիի ճակատագրի մասին, իսկ Սաուդյան Արաբիայի թագավորությունը կտրականապես հերքել է նրա գտնվելու մասին տեղեկացված լինելու լուրերը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ մյուս պաշտոնյաները հայտնել են, որ իրենց մտահոգում է ուղիղ հարցումներին պատասխան չստանալը: Եթե հաստատվի Խաշոգիի սպանությունը կամ, նույնիսկ, սաուդցիների ձեռքով անհետացումը, ապա Կոնգրեսի կողմից նոր ճնշումներ կարող են գործադրվել Էր Ռիադի նկատմամբ:

«Եթե այս սարսափելի լուրը հաստատվի, ապա ԱՄՆ-ն եւ քաղաքակիրթ աշխարհը պետք է խիստ արձագանք տան, և ես բոլոր լուծումները կուսումնասիրեմ Սենատում», - շաբաթ օրն իր թվիթերյան էջում գրել է սենատոր Մարկո Ռուբիոն:

Օրենսդիրները երկար ժամանակ է, ինչ Սաուդյան Արաբիայի կրոնական ծայրահեղության եւ ահաբեկչության հետ պատմական կապերի շուրջ կասկածներ ունեն, և վերջերս լուրջ քննադատություններով էին հանդես գալիս Եմենում և տեղում Սաուդյան Արաբիայի ղեկավարության վարքագծի նկատմամբ: Ընդամենը մեկ ամիս առաջ, ԱՄՆ վարչակազմը համոզեց օրենսդիրներին չդադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն ու աջակցությունը, քանի որ վերջինը ԱՄՆ-ի պաշտպանության տեխնիկայի` աշխարհում առաջատար գնորդն է եւ կարեւորագույն գործընկերը Սպիտակ տան այն ծրագրերում, որոնցով փորձում է Իրանին կոտրել եւ ձեւավորել արաբաիսրայելական դաշինք:

Նշվում է, որ Խաշոգին նշանավոր լրագրող է, որ մեկ տարի առաջ ինքնակամ հեռացել է Սաուդյան Արաբիայից, այն մեկնաբանելով, որպես խուսափում ձերբակալումից: The Washington Post-ում եւ այլուր նրա հրապարակած հոդվածները հունից հանել են Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը` հատկապես այն պատճառով, որ նա քննադատել է Սալման արքայի հզոր թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին:

The Washington Post-ում անցյալ աշնանը հրապարակած իր հոդվածում Խաշոգին գրել է, որ արքայազն Մոհամմադը խոստացել է սոցիալական բաերփոխումներ իրականացնել, սակայն առայժմ միայն ձերբակալությունների ալիք է տարածվում, որոնց թվում մտավորականներ եւ կրոնական առաջնորդներ են, որ համարձակվել են քննադատել թագաժառանգին:

Սաուդցիներն ուրախությամբ են ընդունում նախագահ Թրամփի բարեհաճությունը, որն սկսվել է 2017 թվականի մայիսին Թրամփի` Ռիադ այցով: ԱՄՆ նախագահը, բացի Սալմանին` որպես արդյունավետ եւ իմաստուն արքա անվանելուց, նաեւ հայտարարեց, որ մուսումանական աշխարհի առաջնորդ եւ Ամերիկայի ամենամոտ արաբ դաշնակիցն է, ինչպես գրում է Դեյանգը: Այցով նաեւ փոփոխություն նշմարվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, որով քաջալերվում էր ամերիկյան զենքի ձեռքբերումը, եւ առաջնահերթ շեշտը դրվում էր ԱՄՆ ազգային շահի վրա:

Հեղինակը, սակայն, հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիան չի հետեւել ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգերը մերժելու մասին ԱՄՆ-ի հորդորներին և շարունակում է Մոսկվայի հետ բանակցել:

Դեյանգը գրում է, որ եթե հաստատվեն լուրերը, որ Խաշոգիի անհետացման համար սաուդցիներն են մեղավոր, ապա դաշինք ստեղծելու հարցը կբարդանա, քանի որ Կոնգրեսը կարող է որոշել պատժել Էր Ռիադին, իսկ ԱՄՆ-ի հանրային կարծիքը պահանջում է նման արձագանք: