Ես ուշադիր հետեւում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, դրանք ի գիտություն եմ ընդունում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց բացառվում է, որ որեւէ մեկն ինձ ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս դա կարող եմ անել: Որեւէ մեկն ինձ եւ մեր կառավարությանը չի կարող ավելի կոշտ քննադատության ենթարկել, քան ինքս եմ դա ամեն օր անում»,-ասաց նա:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարությանը, Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, որ կառավարության ողջ կազմը կվերանայվի. «Ոչ էլ կասեմ, որ չի վերանայվի: Ես նախկինում ԱԺ-ում ասել եմ, որ բացարձակապես խնդիր չի դրված, որ Հայաստանում պետք է ներգրավված լինեն կառավարման մեջ կուսակցական կադրեր: Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նաեւ խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով բնականաբար, բայց ընդհանուր առմամբ, կուսակցական սկզբունքը առաջնային չի լինելու: Ես համոզված եմ, որ կա շատ մեծ ներուժ եւ հնարավոր է, որ այդ ներուժի մի մասը դուրս մնա ընտրական պրոցեսի արդյունքում ԱԺ-ից, եւ մենք կքննարկենք այդ հնարավորությունները»,-հայտարարեց վարչապետը: