Դա բոլորիս որոշումն է եղել դեռ շատ վաղուց, դեռ 6 ամիս առաջ, եւ այն, ինչ մենք խոսում էին, երեկ եղել է հայտարարություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի, եթե վարչապետը հրաժարական տա, ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու:

Նա հայտարարեց, որ ի սկզբանե ՀՀԿ-ն մտադրություն չի ունեցել վարչապետի թեկնածու առաջադրել. «Ինքը գիտեր այդ մասին»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

Նա նաեւ հավաստիացրեց, որ իրենց այն որդեգրած քաղաքականությունն է եղե, որ չեն խոչընդոտելու կառավարության գործունեությանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խուսափեց պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն չմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. «Դուք գիտե՞ք, թե երբ են լինելու ընտրությունները, երբ կլինեն, այդ ժամանակ կասենք»:

Բաղդասարյանը չբացառեց նաեւ, որ ՀՀԿ-ն կարող է դառնալ արտախորհրդարանական ուժ. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ: Որեւէ մեկին ընդմիշտ տրված չէ այդ մենաշնորհը, որ պետք է լինի խորհրդարանում կամ լինի իշխանություն»:

Հարցին, թե ինչու է այսքան ամիս լռում Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Նա խոսում է ՀՀԿ ԳՄ նիստերում: Նա միաձնյա որեւէ ենթադրություն չի անում, քննարկման արդյունքում միշտ որոշում է կայացնում»: