Փորձագետները iPhone–ը անվանել են ամենապաշտպանված հեռախոսը շուկայում, գրում  է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով  Market Watch պորտալը։

Apple–ի արտադրանքները գերազանցում են Android–ով աշխատող սմարթֆոններին այն հարցերում, ինչ վերաբերում է տվյալների պահպանմանը, նկատում է ամերիկյան SiteLock ընկերության վերլուծաբան Ջեսիկա Օրտեգան։ Google–ի սարքավորումները տեղեկությունը փոխանցում են ընկերության սերվերին, որից հետո օգտատերերի անձնական տվյալները օգտագործվում են նրանց «թվային կերպարը» կառուցելու եւ թիրախավորված գովազդներ ստեղծելու համար, այն դեպքում, երբ  iOS հարթակը թույլ է տալիս պահպանել տեղեկությունների մեծ մասը հենց սարքավորման վրա, շեշտում է փորձագետը։

Բացի այդ, iPhone–ը դժվար է կոտրել ծրագրերի օգնությամբ, որոնք կարելի է ներբեռնել պաշտոնական խանութից, գտնում է Օրտեգան։ Համեմատելով App Store–ն եւ Play Market–ը՝ վերլուծաբանը եկել է այն եզրահանգման, որ Google հարթակը ավելի բաց է բջջային հավելվածներ մշակողների համար, որը հնարավորություն է տալիս չարագործներին շրջանցել անվտանգության խիստ պահանջները։

Նշվում է, որ օգոստոսին Google–ը Play Market–ից ջնջել է 145 հավելված այն բանից հետո, երբ ընկերությանը հայտնել են վիրուսների ու օգտատերերի տվյալների գողության մասին։

Google–ի մեկ այլ խնդիր է հազվադեպ թարմացումները։ Ժամանակին թարմացումները թույլ կտան խուսափել խոցելիություններից կամ օպերատիվ կերպով կասեցնել դրանց հետեւանքները օգտատերերի համար, սակայն դա տեղի չի ունենում։