Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին  ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում կարեւորելով ԿԽՄԿ առաքելությունը Արցախի Հանրապետությունում: Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առկա լիազորությունների շրջանակում Արցախի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի  հետ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր գոհունակությունն է հայտնել ԱՀ համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետնախարարին ներկայացնելով առաքելության կողմից առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ հետագա համատեղ անելիքների եւ համագործակցության հեռանկարների շուրջ: