Այս շաբաթ ֆրանսախոս աշխարհի երկրների առաջնորդները ժամանում են Երեւանի Զվարթնոց օդանավակայանում` Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը: Նրանցից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան, սակայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի համար սա յուրօրինակ առիթ է, քանի որ նախկինում նա արդեն հասցրել է ծանոթանալ հայկական հյուրասիրությանը: Այս մասին Armenian Weekly-ում գրում է Րաֆֆի Էլիոթը: 

Հեղինակը գրում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար նյութ պատրաստելիս նամակ է ստացել իր հորեղբորից, որին կցած էին Կանադայի նախկին վարչապետ Պիեր Էլիոթ Թրյուդոյի` Ջասթին Թրյուդոյի հոր, նկարները, որտեղ վարչապետն այցելում է Ծիծեռնակաբերդ: Վարչապետ Թրյուդոյի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի այն ժամանակվա տնօրեն պրոֆեսոր Բարսեղյանի նկարներն արվել են 1984 թվականին, հավանաբար` ամռանը:

« Ջասթին Թրյուդոն, ով այդ ժամանակ հավանաբար 13 տարեկան էր, բացակայում է լուսանկարներից: Սակայն,իմանալով, որ նա հոր հետ այդ ժամանակ Մոսկվայում էր (ԽՍՀՄ բոլոր թռիչքները կատարվում էին Մոսկվայով), ուստի նա հավանաբար եւս Հայաստանում է եղել: Դժբախտաբար, մեր միակ կապը այդ լուսանկարի հետ՝ պրոֆեսոր Բարսեղյանը մահացել է, իսկ նրա ընտանիքը տվյալ այցի հետ կապված մանրամասներ չի հիշում»,- գրում է հեղինակը:

Րաֆֆի Էլիոթը փորձել է տվյալ այցի մասին հավելյալ տեղեկություններ հավաքել նաեւ կառավարական արխիվները քրքրելով: Մինչեւ 1984 թվականի հունիսին պաշտոնից հեռանալը` Պիեր Թրյուդոն մոտ 16 տարի եղել է Կանադայի վարչապետի պաշտոնում: 1965 թվականին Մաունթ-Ռոյալում ընտրվելուց հետո նրա կողմնակիցները խրախուսել են իրեն պաշտոնապես երկլեզու, բազմամշակութային համակարգի եւ Կանադայի Սահմանադրության ներդրման համար: Պիեր Թրյուդոյի կերպարի շուրջ եղած համակրանքի արդյունքում նոր տերմին է ներմուծվել` թրյուդոմանիա, որն այժմ նաեւ կիրառվում է նրա որդի Ջասթին Թրյուդոյի մասին: Նշվում է նաեւ, որ նախկին վարչապետի քննադատները պախարակել են նրա կործանարար տնտեսական քաղաքականությունը, կոմունիստական առաջնորդների հետ բարիդրացիական հարաբերությունները եւ հեդոնիստական ապրելակերպը:

Հեղինակը գրում է, որ 1984 թվականի հունիսի 30-ին Պիեր Թրյուդոն հայտարարել է պաշտոնը թողնելու մասին եւ ապա իր երեխաների հետ ուղեւորվել է պատմական Մետաքսի ճանապարհով: Այդպիսով` նրանք հայտնվել են Սովետական միությունում եւ, ի վերջո, Երեւանում: Հենց այդ ժամանակ էլ վարչապետը ծանոթացել է պրոֆեսոր Բարսեղյանի հետ, որը զբաղվում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կառուցման աշխատանքներով:

Հեղինակը գրում է, որ այս այցի մասին տեղեկությունները խիստ սահմանափակ են, եւ զարմանալիորեն, Պիեր Թրյուդոն անգամ ներառված չէ թանգարանի նշանավոր հյուրերի ցուցակում: Ջասթին Թրյուդոն այս տարի Վրաստանից մի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Թբիլիսին հրաշալի քաղաք էր, երբ նա երեխա էր: Սակայն զարմանալի է, որ լրատվամիջոցներն այդ այցը թվագրում են 1982-ին, մինչդեռ Թրյուդոների` այդ տարի Սովետական միություն կատարված այցի մասին տեղեկություններ չկան:

1984 թվականին Ջասթին Թրյուդոյի եւ հոր այցը Թբիլիսի եւ նույն տարում Պիեր Թրյուդոյի այցը Երեւան համադրելով` հեղինակը գրեթե համոզվել է, որ վարչապետը նույնպես Երեւանում է եղել: Րաֆֆի Էլիոթն ապա կապ է հաստատել վարչապետի գրասենյակի աղբյուրի հետ, եւ նա հաստատել է, որ Ջասթին Թրյուդոն իսկապես 1984 թվականին այցելել է Հայաստան, եւ խնդրել են հեղինակի մոտ եղած նկարը եւս ներառել վարչապետի արխիվում:

Նշվում է, որ տվյալ նկարները իրենցից ներկայացնում են իրական ֆոտոի լուսանկար, իսկ իրական լուսանկարները հավանաբար կորած են, կամ էլ պրոֆեսոր Բարսեղյանի անձնական ֆայլերի հետ պահված են թանգարանի արխիվում: