Mohammed Enterprises Tanzania Ltd բազմամիլիարդանոց ընկերության սեփականատեր Մոհամմեդ Դեւջիին Տանզանիայում առեւանգել են, հաղորդել է  Forbes-ը՝ վկայակոչելով իրավապահներին:

Ըստ հրատարակության, Դար էս Սալամ քաղաքում՝ ֆիթնես ակումբի դիմացի կայանատեղիում երկու զինված տղամարդիկ սպասել են 43-ամյա Դեւջիին: Քաղաքի ոստիկանության ղեկավարը հաղորդել է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է Դեւջին, թիկնապահներ նրա հետ չեն եղել: Տղամարդիկ նրան նստացրել են իր մեքենայի մեջ եւ անհետացել՝ մի քանի անգամ օդ կրակելով, հաղորդել են առեւանգման ականտեսները:

Առեւանգման մեջ կասկածվում է 3 տղամարդ, այս պահին նրանց հարցաքննում են: Ըստ նախնական տվյալների, նրանցից երկուսը արտասահմանցիներ են: Միլիարդատիրոջն առեւանգելու շարժառիթներն անհայտ են:

Դեւջիի գտնվելու վայրի մասին չի հաղորդվում:

Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ հաղորդել են, որ առեւանգողներին բռնելու համար ամբողջ երկրով համակարգվել են անվտանգության ծառայությունների, այդ թվում սահմանապահ ծառայության աշխատակիցները:

Նախնական զեկույցի համաձայն, առեւանգիչները օտարերկրյա քաղաքացիներ են, Twitter-ի իր էջում հայտնել է էկոլոգիայի նախարար եւ առեւանգվածի ընկեր Ջենյուարի Մակամբան:

Mohammed Enterprises Tanzania Ltd ընկերությունը, որը ներկայացված է աֆրիկյան 11 երկրներում, միավորում է մի քանի ընկերությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տեքստիլային արդյունաբերությունը եւ շինարարությունը:

Forbes-ը Դեւջիի կարողությունը գնահատել է 1.5 մլրդ դոլար՝ նրան անվանելով Տանզանիայի միակ եւ Աֆրիկայի ամենաերիատասարդ միլիարդատեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»: