«Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Գեորգի Ջափարիձեն Վրաստանի նախագահի թեկնածու է, մտադիր է Թբիլիսիում մարիխուանայի փառատոն անցկացնել։ Ընդդիմադիր շարժման նախաձեռնությամբ միջոցառումը պետք է կայանա քաղաքի կենտրոնի այգիներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին, այսինքն ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ։

«Գիրչին» հայտարարում է, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար ազատությունը թանկ է։ Այս իրադարձությունն ուղղվելու է Վրաստանում մարիխուանայի լիովին լեգալացմանը՝ չբացառելով, որ այդ օրը նույնիսկ այն կարող է վաճառվել։

«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակցիան իրականացնել»,- հայտարարել է Ջափարիձեն, ում կարծիքով՝ Վրաստանում մարիխուանայի իրացումը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի, ինչը հնարավոր է անել «կոֆեշոփերի» բացման միջոցով։

Նշենք, որ «Գիրչին» հայտնի է իր արտառոց նախաձեռնություններով։ Նախինում այն հանդես է եկել նաեւ երկրում մարմնավաճառության լեգալացման, կրիպտոարժույթի ստեղծման կոչերով։ Նրանք նաեւ գրանցել են կրոնական կազմակերպություն՝ «Քրիստոնեական, ավետարանչական, բողոքական եկեղեցի-Աստվածաշնչյան ազատություն», որը խրախուսում է հոգեւոր ծառայությունը եւ դրանով զորակոչի տարկետման հնարավորություն ընձեռում։