Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: Այս մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաեւ ասել է, որ հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը։

Երեւանն այս օրերին շնչում է Ֆրանկոֆոնիայի բազմաթիվ գույներով։ Ռուանդայից մինչեւ Կանադա՝ Երեւանում հավաքվել են պատվիրակություններ ավելի քան 80 երկրներից, որոնց միավորում է ֆրանսիական լեզուն եւ մշակույթը։ Երեւանը հյուրընկալում է Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթնաժողովը։

Վաղ առավոտյան՝ մինչեւ գագաթնաժողովի մեկնարկը, Ծիծեռնակաբերդի բարձունքում էին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմմանուլ Մակրոնը կնոջ՝ Բրիջիթի հետ։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ եւ ավանդույթի համաձայն՝ եղեւնի տնկել Հիշատակի պուրակում։

Մարզահամերգային համալիրում գագաթնաժողովի հյուրերին առավոտյան դիմավորում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նաեւ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։

Առանձնահատուկ ջերմ ընդունելության արժանացավ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։

էքստրավագանտ զգեստապահարանով հայտնի՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թեեւ այս անգամ ավելի զուսպ էր հագնված, բայց չհիասթափեցրեց իր երկրպագուներին՝ գագաթնաժողովին ներկայանալով զոլավոր գուլպաներով։

Հյուրերի թվում էր նաեւ հայ հանրությանն ավելի քիչ հայտնի՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, որն աչքի էր ընկնում անմիջական պահվածքով։

Լիբանանի նախագահ Միշել Աունը նույնպես Հայաստան է ժամանել կնոջ հետ։

Գագաթնաժողովի բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր Ազնավուրի անունը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է՝ մեկ րոպե լռության փոխարեն ծանսոնյեի հիշատակը հարգել ծափահարություններով։

Գագաթնաժողովից հետո Մակրոնը՝ տիկնոջ հետ, նախագահ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ, շրջել է Ազնավուրի կենտրոնում։ Նրանց դիմավորել է Ազնավուրի որդին՝ Նիկոլան։

Ֆրանսիայում հաջորդ ապրիլի 24–ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ ասել է Մակրոնը՝ նշելով, որ ինքն այդպիսի խոստում է տվել Ազնավուրին եւ կպահի խոստումը։

Դրանից հետո Մակրոնը տիկնոջ հետո շրջել է Երեւանի փողոցներում, ճաշել կենտրոնի սրճարաններից մեկում։ Երեւանցիները Ֆրանսիայի առաջին զույգին ընդունել են հատուկ ջերմությամբ։

Ֆրանկոֆոն երեկոն եզրափակվել է Հանրապետության հրապարակի գալա համերգով։