Հայաստանը գտնվում է անիշխանության իրավիճակում, այսինքն անօրինության կամ քաղաքական անկարգության մթնոլորտում՝ պետական իշխանության բացակայության պատճառով։ Հայաստանի ինստիտուցիոնալ ապաինտեգրացիան կարող է ծանր հետեւանքներ ունենալ Եվրոպայի եւ Կովկասի համար՝ Washington Times-ի իր հոդվածում գրում է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետդեպի նախկին աշխատակից Ադամ Էրելին

Հեղինակը նշում է, որ լինելով Ոկրաինայում «նարնջագույն հեղափոխության», ինչպես նաեւ Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլու վերընթացի ու անկման ականատեսը, իրեն զգոնացնում են Հայաստանում այժմ կատարվող իրադարձությունները։

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018թ․ մայիսի 8-ին՝ Երեւանի կենտրոնական հրապարակում հավաքելով իր մոտ 250 000 կողմնակիցներին, սպառնալով համազգային գործադուլներով՝ որպես բողոք խորհրդարանի քվեարկության դեմ, որը մերժել էր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ամբոխի իշխանության ճնշման ներքո խորհրդարանը նույն օրն իսկ քվեարկեց պարոն Փաշինյանի օգտին՝ չնայած որ նրա կուսակցությունը օրենսդիր մարմնի 105 տեղերից 9-ն էր զբաղեցնում։

Պաշտոնը ստանձնելու օրվանից իրեն «ժողովրդի թեկնածու» անվանող Փաշինյանը սկսեց Հայաստանի ղեկավար ինստիտուտների համակարգված քայքայումն ու ոչնչացումը։

Ելույթ ունենալով իշխանության գալու 100 օրվա կապակցությամբ՝ Փաշինյանն իր հարյուրհազարավոր կողմնակիցներին հայտարարեց, որ «Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, չկա խորհրդարանական մեծամասնություն։ Հայաստանում վերջնական իշխանությունն անմիջականորեն պատկանում է ժողովրդին, որն իրականացնում է ուղիղ կառավարում։ Դա նշանակում է, որ այսուհետ այս կառավարությունը պետք է հաշվետու լինի այս հրապարակին, պետք է ենթարկվի այս հրապարակին, եւ բոլոր կարեւոր որոշումները պետք է ընդունվեն այստեղ, այս հրապարակում»։ Դիմելով իր քննադատներին՝ Փաշինյանը զգուշացրեց․ «Սթափվեք, եւ պետք չէ բարկացնել ժողովրդին»։

Հայկական փողոցն այժմ դարձել է Փաշինյանի նախընտրած գործիքը՝ հաշվետու լինելու եւ օրենքի գերակայության համար։ Նրա թիրախն են դարձել պետական մարմինները, արդարադատության համակարգը եւ խորհրդարանը։ Նա անցած խորհրդարանական ընտրությունները հայտարարել է «ոչ լեգիտիմ», եւ խոստացել է մեկ տարվա ընթացքում՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո նոր ընտրություններ անցկացնել։ Նա Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ է անցկացրել։ Հոկտեմբերի 2-ին, երբ խորհրդարանը դիմադրեց իր արձակման եւ արտահերթ ընտրություններ նշանակելու նրա ջանքերին, Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց փողոց դուրս գալ։

Փաշինյանը նաեւ զրոյացրել է Հայաստանի դատական համակարգը՝ այն անվանելով «արտոնություններ ունեցող մարդկանց համակարգ, որը ծառայել է իշխանությունների քմահաճույքներին»։

Ցավոք, Փաշինյանը դիմում է ավազակային մարտավարության, ինչն ինքը այդպես բարեպաշտորեն դատապարտում է։ Նա օգտագործում է անվտանգության ծառայություններն ու դատարանները քաղաքական վենդետայի համար՝ մաֆիայի ոճով։

Հուլիսի 27-ին դատարանը հայտարարել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին, երբ նրա կալանավորման միջնորդության համար քննիչների դիմելուց հետո մեկ օրից էլ պակաս ժամանակ էր անցել։ Որոշում էր կայացվել նաեւ նախկին պաշտպանության նախարար՝ Քոչարյանի օրոք, Միքայել Հարությունյանի կալանավորման մասին։ Նրանց երկուսին էլ 2008թ․ սահմանադրական կարգը խախտելու փորձի մեղադրանք է ներկայացվել։

Նշելով, որ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց երեք ամիս էլ չանցած հարձակվել է իր նախկին հակառակորդների վրա, նրան քննադատողները դատապարտում են այս վերջին ձերբակալությունները՝ որպես իշխանության չարաշահում նախկին հեղափոխականի կողմից, ով այժմ վարչապետ է։ Փաշինյանը պատասխանում է, որ պատերազմ է մղում կոռուպցիայի դեմ։

Վարչապետի եւ նրան պաշտպանողների համար ցավալիորեն համացանցում հայտնվել է ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում ԱԱԾ տնօրենը հայտարարում է, որ վարչապետը իրեն կարգադրել է «փակել» պաշտպանության նախկին փոխնախարարին։ Զրույցից պարզ է դառնում, ու Քոչարյանի գործով դատավորի վրա ճնում է գործադրվել։

Թեեւ Փաշինյանը ցուցադրաբար հայտարարել էր, որ դատավորներին ցուցումներ չի տալու, այս ձայնագրությունը հակառակն է ապացուցում։

Թափանցիկությունը, հաշվետու լինելը, օրենքի գերակայությունը հարձակումների են ենթարկվում Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության համարյա յուրաքանչյուր երկրում։ Նիկոլ Փաշինյանն այժմ կարող է հպարտորեն իր տեղը զբաղեցնել վարչապետներ Վիկտոր Օրբանի (Հունգարիա), Անդրեյ Բաբիշի (Չեխիա) եւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի (Բելառուս) կողքին՝ ինստիտուտներն իրեն հարմարեցնող առաջնորդի կարգավիճակով։

Սակայն Եվրոպայի եւ Կովկասի համար վտանգն այն է, որ Պոտյոմկինի պոպուլիստական գյուղը, որ կառուցել է Փաշինյանը, շուտով կարող է փլվել իր եւ իր կողմնակիցների գլխին։ Իշխանությունը տալ փողոցի ձեռքը, միաժամանակ թուլացնելով պետական ինստիտուտները, անիշխանության դեղատոմսն է։

Ինչպես նշել է հայկական հայտնի քաղաքական մեկնաբան Գեւորգ Հարությունյանը, «գլխավոր հարցն այն է, թե կարող է արդյոք հեղափոխական Նիկոլ Փաշինյանը դառնալ վարչապետ»։ Առայժմ նշանները լավատեսական չեն։