Մարալիկում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մի խումբ քաղաքացիներ են հարձակվել «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել հեղինակները:

«Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:

Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը:

Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Tert.am-ին ասել են, որ անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։

«Միջադեպի բոլոր հանգամանքներն այս պահին գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով»,-հավելել են Պաշտպանի գրասենյակից։