Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի «Փուչիկով աղջիկը» նկարի գնորդը որոշել է այս կտավից չհրաժարվել, որը աճուրդում վաճառելու պահին ինքնաոչնչացել է, փոխանցում է DW-ն: 

Մասնակի ոչնչանալուց հետո նկարին նոր անվանում են տվել՝ «Սեր աղբի դույլում»: Եվրոպայից հավաքորդը, ում անունը չի հրապարակվում, նկարի համար կվճարի նույն 1,4 մլն դոլարը, որը պատրաստ էր փոխանցել Բենքսիի նախնական աշխատանքի համար: «Երբ հնչեց մուրճի հարվածը եւ աշխատանքը մասերի կտրվեց, ես ցնցված էի, բայց աստիճանաբար սկսեցի հասկանալ, որ արդյունքում ինձ բաժին է ընկնում արվեստի պատմության մի կտոր»,- աճուրդի տան փոխանցմամբ՝ ասել է գնորդը:

«Փուչիկով աղջիկը» աճուրդում վաճառվել է հոկտեմբերի 5-ին: Սակայն սակարկությունների ավարտից անմիջապես հետո կտավի կեսը կտրվել է շրջանակի մեջ թաքցված շրեդերով: Sotheby's-ից, որին ստեղծագործությունը պատկանում էր 2006 թվականից, պնդում են, թե տեղյակ չէին նկարում թաքցված սարքի մասին: Այն այնտեղ է տեղադրել Բենքսին ինքը: