Թող մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մահվանը:

Նա, մասնավորապես գրել է.

«Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ եւ հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնեինք»:

Ժողովուրդ ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այսօր ընկերս ողջ լիներ: Գուցեեւ ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցեեւ արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցեեւ այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է:

Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային»: