Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր է ոչնչացնել ամբողջ միջուկային զենքը, նյութերը եւ օբյեկտները՝ «լիակատար» ապամիջուկայնացման հասնելու համար, BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

Նրա խոսքով՝ Փհենյանի եւ Վաշինգթոնի միջեւ աշխատանքային քննարկումներ են ընթանում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո երկու երկրների առաջնորդների երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար: Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է միջազգային փորձագետների հրավիրել, որը կհետեւի առանցքային հրթիռային օբյեկտի ապամոնտաժմանը եւ Յոնբենում գլխավոր միջուկային համալիրի փակմանը, եթե Վաշինգթոնը պատասխան գործողություններ ձեռնարկի: Դրանք կարող են ներառել Հյուսիսային Կորեայում ԱՄՆ կապի գրասենյակի բացումը, հումանիտար օգնությունը եւ տնտեսական փորձագետների փոխանակումը: