ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում մշակել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ եւ քննարկել Միջին Ասիայում իրավիճակը: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խորհրդի կողմից ընդունված որոշումները կնպաստեն պաշտպանության եւ անվտանգության բնագավառում համագործակցության զարգացմանը: Մեր աշխատանքի ընթացքում գնահատվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ միջազգային ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտ միջոցներ են մշակվել», - ասել է Շոյգուն:

Նրա խոսքով, որոշվել են «ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացման ուղղությունները՝  հակաօդային պաշտպանություն, ռադիոտեղորոշիչ ճանաչում, կապի, վերահսկողության եւ ճառագայթման, քիմիական եւ կենսաբանական միջավայրի գնահատում»:

Բացի այդ, որոշվել է զինվորական գերատեսչությունների նախաբուհական ուսումնական հաստատությունների կադետների եւ աշակերտների շրջանում ուսումնական առարկաների միջազգային օլիմպիադաներ անցկացնել: