Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ:

Զրուցակցիների ուշադրության կենտրում էին նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձան 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին եւ կառույցում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ համոզմունք հայտնելով, որ երեւանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների եւ սկզբունքների հիման վրա կազմակերպության գործունեության ակտիվացմանը: