Հայաստանում կարագի գնի աճը բավական առանձնահատուկ եւ տնտեսական հարց է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով Նոր Զելանդիայից կարագ ներկրելն ուղղակի անհեթեթ է, քանի որ տեղական արտադրողները լիովին կարողանում են գոնե 40 տոկոսով ապահովել շուկան այդ արտադրանքով:

Եվ եթե հանրապետության գյուղատնտեսական ոլորտը Կառավարության պատշաճ ուշադրության ներքո լիներ, ապա այդ ոլորտում համապատասխան ներդրումներ կարվեին, ինչը ներկա փուլում չկա:

«Վերջ ի վերջո պարենային անվտանգությունը պետական անվտանգության մի մասն է: Դրա նպատակն է ապահովել երկրի ինքնապահովությունը: Խաղողով կարելի է հասնել դրան, բայց կարագով բավական կլիներ եւ 40 տոկոսը»,-ասաց ՀԿ ղեկավարը, հավելելով, որ թանկացման ամենակարեւոր գործոններից է իրական մրցակցության բացակայությունը, որը չեն կարողանում ապահովել տեղական արտադրողները, ինչն էլ տվյալ շուկայում որոշակի մենաշնորհի է հանգեցնում:

Ընդ որում Պողոսյանը նկատեց, որ Նոր Զելանդիայում եւ արեւմտյան կիսագնդում կարողացել են գտնել այդ հարցի լուծումը եւ նորզելանդական կարագը, չնայած նրանց միջեւ բավական մեծ հեռավորությանը, Արեւմուտքի երկրներ ներկրվում է ավելի ցածր գներով, քան օրինակ՝ Հայաստան՝ չնայած նույն ծախսերին:

Փորձագետը կարագի գնաճի երկրորդ պատճառը համարում է սելեկցիան: «Եթե Հայաստանում կովը 3 հազար լիտր կաթ է տալիս, ապա նրա տիրոջը շքանշան են տալիս, իսկ Նոր Զելանդիայում այս ցուցանիշը հանգիստ մինչեւ 7 հազար լիտրի է հասնում»,- պարզաբանեց փորձագետը՝ նշելով, որ արդյունքում Հայաստանում կարագն ու կաթը շքեղության են վերածվել, որը ոչ բոլորին է հասանելի:

Հայաստանի սպառողների միության ղեկավարը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ երկրի միջինվիճակագրական բնակիչը սպառում է օրական 100 գրամից պակաս կաթ, մինչդեռ Եվրոպայում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 400 գրամի: «Սա սարսափելի է: Նման բան պատահում է միայն ռազմական տարիներին շրջափակման դեպքում: Բնակչության շրջանում հացի օգտագործումը մեծացել է եւ, ըստ էության, փոխարինել է կաթնամթերքին, իսկ դա առողջության համար շատ վնասակար է»,- եզրափակեց փորձագետը:

Նշենք, որ միջազգային շուկայում՝ այս տարվա մայիսից սկսած կարագի գները սկսել են նվազել, եւ եթե նախկինում մեկ կիլոգրամի համար գնորդը վճարում էր 5,7 դոլար, ապա հիմա նույն ապրանքը նրա համար կարժենա 4 դոլար: Ընդ որում՝ չնայած համաշխարհային միտումներին, Հայաստանում կարագը շարունակում է մնալ չհիմնավորված բարձր մակարդակում: Այսպես՝ նորզելանդական կարագի կիլոգրամն արժե 4300 - 4400 դրամ, «Անկոր» կարագը՝ 4550 - 4600 դրամ: Այսինքն՝ Հայաստանում կարագն արժե 9,4 դոլար, ինչը 5 դոլարով թանկ է այն գներից, որոնք գրանցված են միջազգային շուկայում: Այսպիսի թանկության հետեւանքով երկրում այս արտադրանքի իրացման ծավալները զգալիորեն կրճատվել են: