Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն «առանձին պետությունների» մեղադրել է անբարեխիղճ մրցակցության եւ քաղաքական շանտաժի մեջ: Այս մասին նա ասել է Շանհայյան համագործակցության կազմակերպության Վարչապետների խորհրդի նիստում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Լուրջ փորձությունների է ենթարկվել ռազմավարական կայունության համակարգը: Գերիշխող դիրքեր պահելու համար առանձին պետություններ օգտագործում են անբարեխիղճ մրցակցության եղանակներ, հովանավորչական միջոցներ, ապօրինի միակողմանի պատժամիջոցներ, երբեմն բանը հասնում է մինչեւ քաղաքական շանտաժի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝  այս միջոցները հիմնականում ուղղված են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ: Նա հստակեցրել է, որ տնտեսական ռիսկերը «խորանում են անվտանգության ոլորտում սպառնալիքների աճով»՝ ահաբեկչություն, կազմակերպված հանցավորություն եւ թմրավաճառք: