Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության եւ ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ 

‹‹Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների եւ ԱՄԷ-ի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ պատմական համերաշխության  խորությունը։ Այն նաեւ արտացոլում է մեր հավատարմությունն այն արժեքներին եւ սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Այս համատեղ հանձնառությունը փաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի կարեւորության մասին ››,- ասաց Զաքի Նուսեյբան։

ԱՄԷ պետնախարարն ընդգծեց նաեւ, որ ֆրանսերենն ամրապնդում է մշակութային բազմազանությունը՝ իր մեջ ներառելով հանդուրժողականության եւ բազմամշակութայնության արժեքները։ Ֆրանսերենն իրենից ներկայացնում է նաեւ համամարդկային ժառանգության կարեւոր մաս, ինչն այս լեզուն դարձնում  է այն աղբյուրներից մեկը, որը խաղաղության արժեքներ եւ մշակույթ է սերմանում տարբեր ժողովուրդների մեջ։

ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։  Պատվիրակության կազմում են նաեւ ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարցերով նախարարի օգնական Յակուբ ալ-Հուսնին, ՄԱԿ-ի վարչության պետ Մուհամմադ Սեյֆ Հիլալ ալ- Շեհին, կապի վարչության փոխտնօրեն Ամինա Աբդ Ալլահ ալ-Համմադին, ֆրանկոֆոնիայի հարցերով բաժնի պետ Սալեմ Սահիլ ալ-Նիյադին, Մարիամ Զայեդ ալ- Մազրուին եւ Ալիա Իբրահիմ ալ-Հուսնին։  

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան հանդիպել է նաեւ ԵՊՀ Արաբագիտության բաժնում ոսովորող մի խումբ ուսանողների հետ, ովքեր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում  այս տարի այցելել էին ԱՄԷ։ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայ ուսանողները ճանաչողական այցեր են կատարել ալ-Բաստակիա քաղաք, ‹‹Իթթիհադ››  թանգարան, որոնց ընթացքում ծանոթացել են ԱՄԷ մշակույթին, պատմությանը եւ հիմնադրման փուլերին։

Բացի այդ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ-Քասիմին ԵՊՀ Արեւելագիտության բաժնում բացել է  Էմիրությունների անվան լինգաֆոնային լսարան, ինչը եւս վկայում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ մշակութային երկխոսության ամրապնդման ԱՄԷ հանձնառության մասին։

ԱՄԷ-ն մասնակցել է նաեւ Երեւանի կենտրոնում անցկացված «Ֆրանկոֆոնիայի ավան» ցուցահանդեսին, որի ժամանակ էմիրություններից ժամանած մշակութային խմբերը ներակայացրել են էմիրաթական ազգային ժառանգությունը։