Ներկայումս շփման գծում իրավիճակը այնպիսին է, ինչպես վերջին ժամանակներս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստվածության վարչության պետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։

«Ցանկացած ոտնձգության արժանի պատասխան կտրվի»,–շեշտել է գեներալը։

Պատասխանելով Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքի դեպքում հայ–ռուսական միացյալ խմբավորման գործողությունների մասին հարցին՝ գեներալը նշեց. «ՀՀ անվտանգության նկատմամբ ցանկացած վտանգի դեպքում մենք պարտավոր ենք գործի դնել բոլոր ուժերն ու միջոցները»։

Դրա մեջ է մտնում ինչպես խմբավորումը, այնպես էլ բոլոր այն ուժերը, որոնք նախատեսված են հանրապետության անվտանգության ապահովման համար. «Խմբավորումը նախատեսված է ՀՀ–ի եւ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ վերաբերում է բոլոր ուղղություններին, որոնցից կարող է վտանգ սպառնալ Հայաստանին»,–նշել է գեներալը։

Մեկնաբանելով հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի պարբերաբար սրացման առնչությամբ խմբավորման ուժերի կիրառման մասին հարցը՝ Անդրանիկ Մակարյանը շեշտեց, որ հայկական ԶՈՒ–ն պատվով իրականցնում է իր ստանձնած պարտավորությունները։