Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը իր խոսքում կարեւորել է համալսարանի կողմից տարիներ ի վեր Արցախում իրականացվող Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը բնակիչներին տրամադրում է կրթական եւ տնտեսական հնարավորություններ աշխատատեղեր ստեղծելու ու համայնքներում կյանքը բարելավելու նպատակով: Գ. Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել նաեւ բարերար Ջերալդ Թրփանջյանին տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մշտապես Արցախին աջակցություն ցուցաբերելու համար:

Հարություն Արմենյանը պետնախարարին հավաստիացրել է, որ ծրագիրը կշարունակվի, եւ ներկայումս բանակցում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, որպեսզի սեփական բիզնեսը ստեղծել ցանկացող շրջանավարտները եւս ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան: Դրան զուգահեռ՝ որպես նոր առաջարկ՝ ներկայացվել է նաեւ գյուղական վայրերում մասնավոր բժշկությունը զարգացնելու ծրագիրը:

Պետնախարարը ողջունել է առաջարկները եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը ծրագրերի իրականացմանը նպաստելու գործում: