Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում սեպտեմբերի 27-ին մահացած տղամարդու հարազատները պնդում են, որ նա մահացել է բժիշկների սխալի պատճառով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 1-ին մասի (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երեւան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Մարիա Հ.-ն, ով հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող իր որդին՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Սուրեն Դավթյանը, մի քանի օր է, բժիշկների անփույթ աշխատանքի պատճառով կոմայի մեջ է։

Նա հայտնել է նաեւ, որ բժիշկներն իրենց մեղքերը կոծկելու նպատակով որդու երակին արյունը մաքրող սարք են միացրել։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդի հարազատները հայտնել են, որ Ս. Դավթյանը սեպտեմբերի 22-ին ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն եւ ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետեւանքով սեպտեմբերի 25-ից Ս. Դավթյանը գտնվում է կոմայի մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 21։50-ի սահմաններում Ս. Դավթյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Հարազատները ոստիկաններին հայտնել են նաեւ, որ նա մահացել է բժիշկների մեղքով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։