Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերում եւ ռազմական այլ ստորաբաժանումներում ծառայության ժամանակ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենք է ստորագրել՝ տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Օրենքը թույլ է տալիս կանանց նշանակել ամբողջ օրվա հերթապահություն՝ միայն թե պահպանելով մայրության եւ մանկության օրենսդրության դրույթները։

Օրենքով ե՛ւ զորակոչված, ե՛ւ պայմանագրային զինծառայող կանանց տարիքը պետք է լինի 18-40-ի սահմաններում։

Բացի այդ, վերացվել են սպայական կազմի՝ պայմանագրով ծառայելու սահմանափակումները։ Գործող օրենքի համաձայն՝ այդպիսի իրավունք ունեին մինչեւ 40 տարեկան կանայք, նոր օրենքով՝ բոլոր այն կանայք, ովքեր գտնվում են սպայական կազմում։

Հանվել է պահեստազորում ծառայող կանանց հանդեպ սահմանափակումները։ Զորահավաքներին մասնակցելուց ազատվում են ոչ թե բոլոր զինվորական կանայք, այլ՝ միայն հղիները։