Երեւանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երեւանյան հռչակագիրը:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը եւ շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ եւ վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը: