Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նվիրել է ոսկե հուշամեդալ եւ երկու աշխատություն: Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Նվիրեցի հուշամեդալ, որը որպես կանոն թանգարանը նվիրում է նախագահներին ու վարչապետներին: Հուշամեդալի վրա պատկերված է Ցեղասպանության զոհերի հուշարձանը, ինչպես նաեւ երկու աշխատություն: Առաջինի կազմողը Հայկ Դեմոյանն է՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին», մյուսը իմ հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» գիրքն է»,-ասաց նա:

Թանգարան ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ Կանադան Սենատի մակարդակով ճանաչել է ցեղասպանությունը եւ պարբերաբար նշում են այդ տարելիցը. «Այնտեղ կա «Human right museum» մեծ թանգարանը, որտեղ մի ամբողջ բաժին նվիրված է է Հայոց ցեղասպանությանը: Կանադայում նաեւ Զորյան ինստիտուտն է գործում, որտեղ ամեն տարի տասնյակ երիտասարդներ աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ ինֆորմացիա են ստանում ցեղասպանությունների մասին մեր օրերի լավագույն պատմաբանների աջակցությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կանադայի վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետեւ Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:  Թանգարանում կատարած շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավանդույթի համաձայն, Կանադայի վարչապետը արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:

Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը Հայաստան էր այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին: Դրանից հետո մեկնարկել է Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան: