Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի խնդիր է: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց Հայաստանի ավանդը ցեղասպանությունների կանխման համար գլոբալ պայքարի մեջ, քանի որ 20-րդ դարում ցեղասպանությունները շարունակվել են, 21-րդ դարում դրանց սպառնալիքը պահպանվում է:

Այս համատեքստում նա նշեց, որ Հայաստանի համար պոտենցիալ սպառնալիքը պահպանվում է, ինչի հետ կապված հիշեցրեց, որ Թուրքիայի կողմից սահմանները շրջափակված են մնում:

«Ըստ էության, անչափ կարեւոր է, որ աշխարհը գիտակցի ղարաբաղյան հակամարտության պատճառը: Ցավոք, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձում են հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ, դա բացարձակապես այդպես չէ: Հարցն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է նոր ցեղասպանության առջեւ: Պատմական փաստերը հիշելով՝ մարդիկ պաշտպանել են իրենց կյանքի իրավունքը»,- նշեց Փաշինյանը: