Ուրբաթ Աֆղանստանի արեւելքում հարսանյաց արարողության ժամանակ ռումբի պայթյունի հետեւանքով առնվազն 5 քաղաքացիական անձ է զոհվել, հայտնում է ASSOCIATED PRESS-ը՝ վկայակոչելով Աֆղանստանում պաշտոնական աղբյուրներին:

Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ եւս յոթ մարդ վիրավորվել է: Ողբերգությունը տեղի է ունեցել Մոհամմադ Աղա շրջանում:

Նահանգի խորհրդի անդամ Մոհամմադ Նասեր Հայրաթը հաստատել է մարդկանց զոհվելու փաստը: Նա հայտնել է, որ ռումբը տեղադրվել էր այն տան մոտ, որտեղ պետք է տեղի ունենար հարսանիքը: Չարագործների թիրախում էին հարսանյաց արարողության մասնակիցները:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ փեսացուն եւ հարսնացուն չեն տուժել: Նա հավելել է, որ սկսված քննության նպատակն է տեղի ունեցածի այլ մանրամասները պարզելը, նաեւ այն, թե կոնկրետ ով պետք է դառնար անհայտ հանցագործների թիրախը:

Ներկա պահին ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: