Անչափ կարեւոր է արձանագրել, թե Հայաստանում կոնկրետ ինչպիսի փոփոխություններ կատարվեցին: Հոկտեմբերի 13-ին Երեւանում կայացած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հիմնականը, որ Հայաստանում փոխվել է, այն է, որ այսուհետեւ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնելու է ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ակտիվ մասնակիցներն էին ոչ միայն Հայաստանում բնակվողները, այլեւ աշխարհում բնակվող ամբողջ հայությունը, Կանադայի, Ռուսաստանի համայնքները:

Վարչապետը շեշտեց, որ այսուհետեւ ոչ միայն վարչապետը, այլեւ խորհրդարանը, կառավարությունը, պետական բոլոր մարմինները պետք է կազմված լինեն ժողովրդի ներկայացուցիչներից, եւ ոչ մի ընտրություն դա չի փոխի:

«Ոչ թե այն իմաստով, որ կլինեն միեւնույն մարդիկ: Այլ այն իմաստով, որ մարդիկ կփոփոխվեն, բայց մշտապես կլինեն ժողովրդի ներկայացուցիչները»,- պարզաբանեց Փաշինյանը՝ շեշտելով, որ այսուհետեւ ընտրությունները չեն կեղծվի, եւ ժողովրդի կամքը կճանաչվի: «Կասկածներ չկան, որ այս փոփոխությունները ընդմիշտ են լինելու: Որովհետեւ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը որեւէ քաղաքական թիմի պատկերացումը չեն, այլ ժողովրդի: Հայաստանում հեղափոխությունն իրականացրել է ոչ թե թիմը կամ առավել եւս ես, այլ ժողովուրդը: Իշխանությունը նրան է պատկանում, եւ ընդմիշտ այդպես կլինի»,- հայտարարեց Փաշինյանը: