Արարատի մարզում 71-ամյա հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկներն արդարացվել են։

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բժիշկներ Գեւորգ Գրիգորյանին ու Նելսոն Սուվարյանին արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Սուվարյանը, որը 2015թ. օգոստոսի 31-ին հերթապաբ վիրաբույժ է եղել, ստացիոնար բուժման ընդունված 71-ամյա Գոհարիկ Հարությունյանի հիվանդության ախտորոշումը տվել է ոչ լիարժեք եւ ուշացումով: Մասնավորապես, վիրաբույժը չի ախտորոշել դեռեւս օգոստոսի 27-ին կատարված որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրությամբ ախտորոշված քարային խոլեցիստիտի պերֆորատիվ /թափածածկված/ լինելը, ինչպես նաեւ ենթալյարդային շրջանում ինֆիլտրատի գոյացումը: Ավելին, Սուվարյանին ներկայացվել են օգոստոսի 31-ին արված հետազոտությունների արդյունքները, սակայն անտեսել է դրանք: Նախաքննության տվյալների համաձայն՝ Գոհարիկ Հարությունյանի հիմնական հիվանդության եւ դրա բարդությունների հայտնաբերման եւ բուժման համար օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել: Ավելին օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին հիվանդի նկատմամբ վիրահատական միջամտություն չիրականացնելու Սուվարյանի պատճառաբանությունները մասնագիտական տեսանկյունից անհասկանալի եւ անընդունելի են` առավել եւս Գոհարիկ Հարությունյանի ստացիոնար բուժման ընդունված լինելու պայմաններում: Գոհարիկ Հարությունյանին այդ ժամկետում անհրաժեշտ շտապ վիրահատությունը Նելսոն Սուվարյանը ժամանակին չի իրականացրել, այլ կատարել է միայն սեպտեմբերի 2-ին, որի հետեւանքով որովայնի խոռոչում շարունակել է զարգանալ թարախաֆիբրինային տեղային տարածուն պերիտոնիտը` կոնգլոմերատի ձեւավորումով: Նելսոն Սուվարյանի կողմից անհրաժեշտ վիրահատության ժամանակին չիրականացնելը եւ հետվիրահատական շրջանում տվյալ բուժհաստատությունում թույլ տրված մյուս թերությունները եւ բացթողումները, ըստ փորձագետների, գտնվում են պատճառահետեւանքային կապի մեջ Գոհարիկ Հարությունյանի մոտ թարախասեպտիկ բարդությունների զարգացման, օրգանիզմի ընդհանուր ծանր ինտոքսիկացիայի խորացման, պոլիօրգանային անբավարարության զարգացման հետ` հանգեցնելով մահվան ելքի սեպտեմբերի 10-ին:

Բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանն էլ, ունենալով պարտականություններ իրականացնելու իր ենթակայության տակ գտնվող անձնակազմի օպերատիվ ղեկավարություն բուժօգնություն կազմակերպելու համար, կազմակերպելու եւ վերահսկելու բաժանմունքի գործունեությունը, ոչ պատշաճ է իրականացրել իր մասնագիտական պարտականությունները: