Գերմանիայից Իտալիա ուղեւորվող տուրիստական ավտոբուսը Շվեյցարիայի Տիչինո կանտոնում վթարի է ենթարկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild պարբերականին։

Թերթը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը առավոտյան Լագո Մաջորե լճից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Իտալիայի եւ Շվեյցարիայի սահմանին։ Դեպքի պահին ավտոբուսի սրահում 25 մարդ է եղել։

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ 13 մարդ է տուժել։ Նրանց առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը մխրճվել է սյունի մեջ, վթարի պատճառները չեն նշվում։