Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման քննության համատեղ հանձնաժողով ստեղծելու համար, հայտնում է Saudi Press Agency-ն:

Գահաժառանգ արքայազն Սալմանը շեշտել է, որ ոչ մեկին չի հաջողվի խափանել Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հաստատուն հարաբերությունները:

Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը հայտնել էր, որ Հաշքաջին սպանվել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Սաուդյան իշխանությունները հերքում են հանցագործությանը մասնակցությունը:

Ամերիկյան The Washington Post պարբերականը հայտնել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին իրազեկել է սաուդցի լրագրողի մահվան ապացույցների մասին: