Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ շրջանակում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին համաձայնագրի նախագծին, երկուշաբթի հաղորդվել է ՌԴ կառավարության կայքում:

Այս պահին նախկին ԽՍՀՄ 11 երկրների տարածքում ավիաաղետների հետաքննությամբ զբաղվում է ՄԱԿ-ը: ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Հիմա ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

«Ստորագրված հրամանով համաձայնագրի նախագիծը ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության հավանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ պետությունը պարտավոր է ստեղծել ավիացիոն պատահարների հետաքննության իրավասու մարմին, որը կախված չէ մյուս պետական իրավասու մարմիններից, կամ հետաքննության իրավասությունները փոխանցել այլ պետությունների կամ միջպետական մարմինների:

Փաստաթղթին կից տեղեկանքում նշված է, որ բյուրոյի հիմնական գործառույթներն են լինելու ավիացիոն պատահարների եւ միջադեպերի անկախ հետաքննության ապահովումը ICAO-ի փաստաթղթերի պահանջներին համապատասխան, կողմերի միջեւ եւ այլ պետությունների հետ միջազգային փոխգործակցությունը, միջադեպերի հետաքննության կանոնների եւ ընթացակարգերի ընդհանուր լրակազմի մշակումն ու օգտագործումը, մասնագետների համար հրահանգների եւ տեղեկատուների օգտագործմանը նպաստելը, ինչպես նաեւ նրանց որակավորման բարձրացումը:

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը հանձնարարել բանակցություններ վարել հայկական, բելառուսական, ղազախական եւ ղրղզական կողմերի հետ եւ համաձայնության հասնելով ՌԴ կառավարության անունից նշված համաձայնագիրը ստորագրել՝ թույլ տալով սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ կատարել կցված համաձայնագրում»,- հավելված է հրամանի մեջ: