Ճապոնիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ ու ընկերություններ են աշակերտներին եւ աշխատակիցներին կոչ անում արտասվել՝ սթերսից ազատվելու եւ սեփական հոգեկան առողջությունը պահպանելու համար, հայտնում է The Japan Times-ը:

Փորձագետների կարծիքով, որոնց վկայակոչում են հաստատությունների ղեկավարները, ուրախության կամ տխրության արցունքները օգնում են ազատվել լարվածությունից եւ թուլացնել վեգետատիվ նյարդային համակարգը: «Արտասվելը մշտական սթրեսից ինքնապաշտպանություն է»,- պարզաբանել է Նիպպոն համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան:

Պարբերականը ներկայացնում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդային, որն արդեն ավելի քան 5 տարի արտասվելու հատուկ դասեր է անցկացնում: Դրանց ժամանակ նա մարդկանց սովորեցնում է, թե ինչպես արցունքների ժամանակ լարվածությունից ազատվեն: «Եթե դուք շաբաթը մեկ անգամ արտասվում եք, կարող եք ապրել սթրեսից ազատ կյանքով»,- ասում է Յոշիդան: Նրա խոսքով՝  սա ավելի արդյունավետ մեթոդ է, քան ծիծաղն ու քունը:

Տոհո համալսարանից իր գործընկերոջ հետ նա շրջագայում է երկրում եւ արտասվելու օգուտի մասին դասախոսություններ կարդում: 2015 թվականին Ճապոնիայում պարտադիր ծրագիր է դարձել 50-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար սթրեսի մակարդակի ստուգումը: Դրանից հետո տղամարդիկ ավելի շատ հրավերքներ են ստանում տարբեր ընկերություններից:

Ճապոնիայում չափից ավելի շատ աշխատելը եւ սթրեսը հաճախ են մահվան՝ կարոսիի հանգեցնում, արտաժամյա աշխատանքի հետեւանքով: Սովորաբար կարոսիի պատճառ են դառնում սթրեսի եւ սաստիկ հոգնածության ֆոնին աշխատավայրում սրտի եւ գլխուղեղի կաթվածները, սակայն դրանց մի մասը հենց ինքնասպանություններն են: Ամեն տարի գրանցվում են այդպիսի հարյուրավոր դեպքեր, ոչ պաշտոնական թիվը հասնում է հազարի: