Իրանի խորհրդարանում ծրագրման եւ բյուջեի հանձնաժողովի անդամ Խադի Գավամին հայտարարել է Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին՝ Արաքս եւ Մեղրի ազատ գոտիներում ներդրումներ կատարելու համար:

Նա նշել է, որ կարելի է մեծ եկամուտ ստանալ ազատ տնտեսական գոտիներում սարքավորված նավթամշակման գործարաններ ստեղծելու ճանապարհով՝ հավելելով, որ «այս իրադրությունում երկիրը կարող է պատժամիջոցները հաջողությամբ հաղթահարել», փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը, որպեսզի երեւան բերվի 2 երկրների միջեւ ներուժը, որը զգալիորեն կնպաստի երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Ներկայումս իրանական գազը մատակարարվում է Հայաստանից ստացվող էլեկտրականության դիմաց, իսկ վառելիքի մատակարարման ոլորտում համագործակցությունն ընդլայնելով, կարող են շատ խնդիրներ լուծվել, որոնք ապագայում, հնարավոր է, առաջանան պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է նա:

Նա նշել է, որ հենց «մենք Արաքս եւ Մեղրի ազատ գոտիներում կարողանանք ստեղծել 200 հազար բարել հզորությամբ նավթամշակման գործարան, երկիրը ահռելի եկամուտ կստանա»: