Գիտությունների ակադիեմիայի հետ քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորումների հետ կապված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին ԳԱԱ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես կարծում եմ, որ կրթության եւ գիտության նախարարությունը պետք է դադարի սոցիալական խնդիրներ լուծող նախարարություն լինելուց եւ պետք է պատասխանատու լինի բացառապես կրթական քաղաքականության համար»,–ասաց նա։

 Նախարարը նշեց, որ գիտության ոլորտում հնարավոր է  օպտիմալացումներ լինեն։

«Օպտիմալացման արդյունքում որոշ ուղղություններում կրճատումներ կլինեն, եւ այն լրացուցիչ միջոցները, որ պետք է ներգրավվեն պետության կողմից գիտության զարգացման համար, կնպաստեն ավելի մեծ թվով միջին տարիքի գիտնականների ներգրավմանը»,–ասաց նա՝ չմասնավորեցնելով, թե որ ուղղություններում կլինեն օպտիմալացումներ։

«Չեմ կարող ասել, քանի որ այդ մշակումները վերջնական չեն եւ կարող են զանազան մեկնաբանությունների տեղիք տալ։ Ես հայտնել եմ նաեւ բուհերի միավորումների մասին, ակադիեմիայի հետ քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորումների հետ կապված»,–նշեց նա։

Հարությունյանի խոսքով՝  այսօր բավականին արդյունավետ համագործակցության օրինակներ կան Սլավոնական համալսարանի եւ Գիտությունների ակադեմիայի  միջեւ։

«Ակադեմիայի որոշ ինստիտուտների գիտահետազոտական հնարավորթյուններն օգտագործում են Սլավոնական համալսարանի տարբեր ամբիոնների գիտական պոտենցիալը մեծացնելու համար. աա լավ փորձ է, եւ կարծում եմ, որ մյուս բուհերի դեպքում էլ կարելի է խթանել ակադեմիայի եւ բուհերի համագործակցությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15–ին ՀՀ ԳԱԱ–ում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը, որի նպատակն է ակտիվացնել եւ զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացվամ համար, ինչպես նաեւ նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը։ Միջոցառման ավարտին ֆորումը կընդունի հռչակագիր։