«2008 թվականի Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։ Այն կքննարկվի ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում։ Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Նախագծի նպատակն է՝ վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը եւ հաստատել հանրային համերաշխություն»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ:

Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները սահմանելու է կառավարությունը:

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-10-ին, ապա այս օրինագիծը խորհրդարանը պետք է քննարկի հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյա նիստերի ժամանակ: