Հյուսիսային պողոտայում գործող ակումբումներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով հարցաքննվել է հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը ոչ թե ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, այլ՝ կամավոր։

«Անձն ինքնակամ ներկայանում է այն դեպքում, երբ հանցագործություն է կատարում և զղջում դրա համար, իսկ կամովի ներկայանում են վարույթն իրականացնող մարմնի, այս դեպքում՝  հետաքննության մարմնի կանչով»,–պարզաբանեց նա։

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին նախ հեռախոսազանգի միջոցով կանչել են ոստիկանության Մաշտոցի, հետո՝ Կենտրոնի բաժնից, ինչից հետո ինքն ու  Բանդուրյանը գնացել են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Բատիկյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ չի զրուցել իր պաշտպանյալի հետ, քանի որ նրան գիշերն են ձերբակալել և տեղափոխել ՁՊՎ։

Փաստաբանը դեպքին իր պաշտպանյալի առնչության մասին տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, որ իր պաշտպանյալը, որպես կասկածյալ որևէ դիրքորոշում չի հայտնել.

«Բանդուրյանն օգտվել է լռության իրավունքից և ցուցմունք չի տվել. նա ընդամենը հարցաքննվել է՝ նշելով, որ կասկածանքի բովանդակության վերաբերյալ որևէ դիրքորոշում քննության այս փուլում չի հայտնում»,–ասաց նա։

Պաշտպանի գնահատմամբ՝ Բանդուրյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է.

Նա նշեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ կազմվել է ինքնակամ ներկայանալու մասին արձանագրություն և հետաքննիչը, որպես ձերբակալման նպատակ՝ նշել է նրա՝ փախուստի դիմելը կանխելը, ինչն ըստ փաստանբանի՝ անտրամաբանական է։

Բատիկյանը հայտնեց, որ չի բողոքարկել ձերբակալման որոշումը, միայն  միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ հայտնելով, որ ձերբակալման նպատակը սխալ է ընտրված։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ։