Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը հետձգվեց վկաների չներկայանալու պատճառով։

Գործով դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց ծանուցել վկաներ Գեւորգ Գեւորգյանին եւ  Սամվել Բաբայանին դատարան ներկայանալու վերաբերյալ։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22–ին, այդ օրը կհրացաքննվեն նշված վկաները։

Նշենք,որ դատարան չի ներկայացել գործով առանցքային վկա Մարիամ Գրիգորյանը, ում երկրում գտնվելու վերաբերյալ դատարանը հարցում է կատարել, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: