Համահայկական Հիմնադրամում այսօր հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանը: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը եւ պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը:

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի եւ Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաեւ վստահեցրել է, որ Հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝ բարձրացնելով հանրության վստահությունը:

Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաեւ սփյուռքի պատանիներին եւ երիտասարդներին ու Հիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր եւ ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության եւ մշակույթի ոլորտներում: Նա կարեւորել է նաեւ Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին:

Իր 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել  է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ  ծրագրեր Հայաստանում եւ Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: