Ես մեծագույն կանխատեսում ունեմ, որ, ասենք, 3-րդ եւ 4-րդ քաղաքական ուժերը  կարող են անգամ չմոտենալ 1 տոկոսի սահմանագծին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ գլխավոր քարտուղար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, «Ծառուկյան» խմբակցությունը սկզբունքորեն մի քանի դիտարկումներ ունի ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների վերաբերյալ. «Մենք փակ համամասնական ընտրակարգին կողմ ենք եւ միշտ նշել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը սզկբունքորեն ապաքաղաքականացնում է  ընտրությունները: Քրեական օրենսգրքում ընտրակեղծարարության համար պատժաչափերը եւս ընդունելի են»,-ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ նոր ընտրական օրենսգրքով առաջարկվում է, որ նվազագույնը 4 քաղաքական ուժ պետք է անցնի խորհրդարան (հիմա այդ թիվը 3 է-խմբ), անկախ նրանից, թե այդ կուսակցությունները որքան քվե կստանան, այստեղ «Ծառուկյան» խմբակցությունը խնդիր է տեսնում. «Ընտրության նպատակն այն է, որ խորհրդարանը ներկայացնի հանրության շրջանում առավելագույն աջակցություն ունեցող ուժերին: Եթե մենք արհեստականորեն քվոտավորում ենք՝ ասելով, որ անկախ նրանից, թե տվյալ քաղաքական ուժերը աջակցություն ունեն, թե ոչ, 4 ուժ պարտադիր պետք է անցնեն եւ հնարավոր է, որ ասենք, 3-րդ կամ 4-րդ ուժերը ունենա զրո ամբողջ քանի տոկոս աջակցություն, այստեղ մենք խնդիր տեսնում ենք հենց ժողովրդավարության առումով: Որքանո՞վ է ժողովրդավար, որ մենք արհեստականորեն քվոտա դնենք եւ խորհրդարան անցնեն ուժեր, որոնք հանրային վստահությունը զրո ամբողջ զրո քանի տոկոս է: Բայց քանի որ կա քվոտա, իրենք պարտադիր պետք է անցնեն: Մենք վաղը այդ դրույթը կփորձենք քննարկել ու բանակցել փոխվարչապետի հետ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտարկմանը, որ գործող օրենսգրքով էլ շեմ կա, նախատեսված է, որ նվազագույնը 3 ուժ պետք է լինեն խորհրդարանում, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Երբ մենք բարձրացնում ենք շեմը, այսինքն նաեւ 4-րդ ուժին ենք տալիս հնարավորություն, էստեղ խնդիր է առաջանում, որ վստահելիության տոկոսը նվազեցնում ենք: Հաշվի առնելով ներքաղաքական սպեցիֆիկ  իրավիճակը, նաեւ այն, թե ինչ պատկեր կարող է լինել, ռեալ պոլիտիկից ելնելով մենք կարող ենք այսօր ենթադրել, թե որ քաղաքական ուժը ինչ քվե է ստանալու: Ես մեծագույն կանխատեսում ունեմ, որ, ասենք, 3-րդ եւ 4-րդ քաղաքական ուժերը  կարող են անգամ չմոտենալ 1 տոկոսի սահմանագծին, եթե մենք խոսում ենք անկեղծ ու բաց: Բայց քանի որ շեմը ամրագրված է, ուրեմն անցնելու են:

Որեւէ տարբերակ չենք բացառում, բայց այդ դրույք կքննարկենք եւ կփորձենք տեսակետները մերձեցնել»:

Ինչ վերաբերում է անցողիկ շեմը մեկական տոկոս իջեցնելուն,  «Ծառուկյան» խմբակցության անդամը նշեց, որ առավոտյան խմբակցությունը քննարկելու է այդ հարցը, բայց ինքն անձամբ  նման նպատակահարմարություն չի տեսնում. «Եթե քաղաքական ուժը հանրության շրջանում 5 տոկոս վստահության քվե չունի, շեմը նվազեցնելը հրատապ խնդիր չեմ համարում»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը նախատեսում է անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս (հիմա 5 տոկոս է), իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս (հիմա 7 տոկոս է): Բացի այդ առաջարկվում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լիի նվազագույնը 4 քաղաքական ուժ: