Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն անփոփոխ է եւ այդ կառույցը շարունակում է պնդել, որ եթ եընտրական օրենսգիրքը փոխվում է, ապա ընտրությունները պետք է անցկացնել դրանից առնվազն 6 ամիս հետո: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես նոր եմ վերադարձել Ստրասբուրգից, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն անփոփոխ է: Իրենք շատ լավ հասկանում են ներհայաստանյան իրավիճակի վերաբերյալ այս պահի սպեցիֆիկան, բայց երբեւէ որեւէ երկրի ներքաղաքական իրավիճակից ելնելով իրենք  իրենց դիրքորոշումները, իրենք իրենց ռեկոմենդացիաները չեն փոխելու։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է՝ կամ պիտի գնան հին ընտրական օրենսգրքով, կամ եթե ընտրական օրենսգիրք է փոխվում, իսկ ընտրական օրենսգրքով լրջագույն ռադիկալ փոփոխություններ է արվում մասնավորապես ընտրակարգ եւ այլն, դրանից հետո պետք է անցնի 6 ամիս ժամանակ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ հասկանալի է, որ տվյալ դեպքում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը շրջանցվելու է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների Կառավարության հեղինակները նշում են, որ մենք այդուհանդերձ դեկտեմբերին սկզբին կգնանք ընտրությունների: Վենետիկի հանձնաժողովը իր դիրքորոշումը չի փոխել եւ չի փոխելու, անկախ նրանից թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակը այս պահին սպեցիֆիկ է, թե ոչ: Նրանք չունեն իրենք սպեցիֆիկ մոտեցումներ, ունեն կոնկրետ հանձնարարականներ, որոնք չեն փոխվում կախված տվյալ երկրի սպեցիֆիկայից»:

Հարցին, թե եթե Հայաստանը շրջանցի Վենետիկի հանձնաժողովի պահանջները, դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այստեղ հարցը զուտ բարոյական է: Երբ մենք անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին, անդամակցության զուգահեռ ստանձնել ենք պարտավորություններ՝ հարգել եւ առաջնորդվել նաեւ Վենետիկի հանձանժողովի, տարբեր կառույցների հանձնարարականներով: Այստեղ խնդիրն այն է, դու կատարո՞ւմ ես քո պարտավորությունները, թե ոչ։ Պարզ է, որ եթե մենք անտեսենք, Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականը, որեւէ մեկը դրա համար որեւէ մեկին չի կախելու, այդուհանդերձ արձանագրվելու է, որ շրջանցվեց Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականը»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին:

Կառավարությունն արդեն հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է փակ ցուցակներով համամասնական ընտրություններ, անցողիկ շեմը նվազում է՝ 4 եւ 6 տոկոսի, ԱԺ-ում նվազագույնը 4 ուժ պետք է լինի ներկայացված, իսկ ընտրագրավը՝ 7,5 մլն դրամ կլինի: