Գարնանն ու ամռանը Հայաստանում տեղի ունեցած գործընթացներն անդրադարձել են երկրի ներդրումային միջավայրի վրա։ Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առեւվտրայի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

Նա նշեց, որ քաղաքական բարեփոխումներ անցկացնելով՝ չի կարելի մոռանալ հարմարավետ բիզնես-միջավայր ձեւավորելու կարեւորության մասին։

«Հայաստանի քաղաքական գործիչները պետք է հասկանան, թե ինչից է կազմված Հայաստանի տնտեսությունը։ Բավական է ասել, որ ձեռնարկությունների ¾-ը ռուսական կապիտալով ընկերություններ են։ Այդ իմաստով՝ պետք է կազմակերպվածություն ցուցաբերել»,- ընդգծեց նա։

Բաբկոն նշեց, որ Հայաստանում արտասահմանյան ներդրումների ծավալը կազմում է 3,4 միլիարդ դոլար, որից ավելի քան 1,6 միլիարդը ռուսական ընկերություններինն է։ Ընդ որում՝ գոյություն ունի կապիտալի որոշակի արտահոսք, սակայն անցյալ տարիների պայմանավորվածությունների պահպանման եւ քաղաքական կապերի շնորհիվ համագործակցության մակարդակն, ընդհանուր առմամբ, չի տուժել։

Նա ընդգծեց, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում՝ պանրի արտադրությունը, կարողացել է խիստ պատժամիջոցների շրջանում ռուսական շուկայում որոշ բացեր լրացնել։ «Հաշվի առնելով ռուսական շուկայի հսկայական ծավալը՝ կարելի է ասել, որ Հայաստանի մասնակցությունն այնքան էլ մեծ չէ, սակայն արտադրանքն առանձնանում է իր բարձր որակով, եւ մասնավորապես, դա վերաբերում է սննդի արդյունաբերությանը»,- ամփոփեց Անդրեյ Բաբկոն։