«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ոչ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների եւ հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման եւ վերամիավորումների մասին:

«Նոր օրենքի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հեռակա ուսուցում այլեւս չի լինի, ինչը հնարավոր է՝ որոշակի դժվարություններ առաջացնի ոչ միայն մասնավոր, այլ նաեւ պետական բուհերի համար: Սակայն այստեղ մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլեւս չի լինելու սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա:

Այսինքն՝ Կրթության եւ գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջող եւ քաղաքականություն մշակող մարմին: Սոցիալական հարցերը, իհարկե, չեն անտեսվելու, բայց նաեւ դրանք առաջնային տեղում չեն լինելու»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաեւ բուհերի հավատարմագրման գործընթացին:

«Պետք է հստակեցվեն ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման թե՛ պահանջները, եւ թե՛ հետեւանքները: Եթե գնում են կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ եւ՛ պետական, եւ ոչ պետական բուհերը:  Այսօր խնդիր ունենք նաեւ լիցենզավորման հետ կապված. քանի որ հստակ սահմանված չէ  հավատարմագրման շեմը: Այս հարցում հատկապես խնդրահարույց է բժշկական մասնագիտությունների հարցը. շատ հաճախ մեկ բուհի անպատասխանատու գործունեությունը վնասում է մնացած բոլորին:

Պետք է հստակ գիտակցենք, որ այլեւս որեւէ անպատասխանատու քայլ անհետեւանք չի մնալու: Որեւէ բուհի նկատմամբ մենք չունենք վերապահում, որեւէ բուհ մյուսից առավել չէ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ բուհերը հենց մասնավոր բուհերն են, եւ մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչ պետական բուհեր, որոնք շեշտադրում են  կրթության որակը»,-նշել է նախարարի տեղակալը: Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը եւ տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար:

Հանդիպման ընթացքում ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: