ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ միջխորհրդարանական ասամբլեայի անցկացումը տեղափոխել: Այդ մասին Դումայի Խորհրդում հայտարարեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ին Մոսկվայում, այլ ոչ թե Հայաստանում»,- ասել է Կալաշնիկովը:

Նրա խոսքով՝ որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ:

«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա, սա կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին: Եթե իրադրությունն այդպես ծավալվի, ինչպիսին այն տեսնում ենք, ում հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատարի՞ հետ: Սա անտրամաբանական է եւ ճիշտ չէ»,- հավելելէ կոմիտեի ղեկավարը:

Կալաշնիկովը նշել է, որ այս պատճառով ՀԱՊԿ ԽՎ-ն «հանգիստ կանցկացվի Մոսկվայում»: «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, կաշխատենք ե՛ւ գործող պատգամավորների հետ, ե՛ւ գործող վարչապետի հետ»,- եզրափակել է նա: